Ինչպես խաղալ

Սկելով խաղալ` Դուք մուտք եք գործում վեց տարբեր Աշխարհ: Աշխարհն այն վայրն է, որտեղ կհանդիպեք մարտահրավերների և կտեղեկանաք պաշտպանվելու հնարավորություններին:

Աշխարհները հետևյալն են` Համակարգիչ, Ցանցեր, Հաշիվներ, Շարժական սարքեր, Տվյալներ, Սոցիալական մեդիա:

Դուք կարող եք խաղը սկսել առաջին Աշխարհից և ավարտել վեցերորդով, բայց խաղը չունի սկիզբ և վերջ, կարող եք ընտրել և սկսել խաղալ ցանկացած Աշխարհից: Մուտք գործեք ու սկսեք ցանցառ արկածները:

Խաղում փորձ է արվել օգտագործել որոշ նորաբանություններ, սակայն տերմինների ընդունված անգլերեն տարբերակները նշված են փակագծերում:

Յուրաքանչյուր Աշխարհում հարցերը թաքնված են երևակայական համակարգչային մասերի տակ: Լուսարձակող ինտերակտիվ մասերին մկնիկով սեղմելիս կհայտնվեն հարցն ու հնարավոր պատասխանների տարբերակները: Ընտրեք այն տարբերակը, որը Ձեր կարծիքով ճիշտ է: Ճիշտ պատասխանած հարցերը կդառնան երկնագույն, իսկ սխալները` նարնջագույն: Հարցին պատասխանելուց և ճիշտ պատասխանը ստանալուց հետո սեղմեք «Առաջ» կոճակը` խաղը շարունակելու համար:

Որոշ պատասխաններում կտեսնեք վարդագույնով գրված բառեր. դրանք օգտակար հղումներ են, որոնք կարող են լրացուցիչ տեղեկություններ տալ, թե ինչպես պաշտպանվել իրական կյանքի թվային վտանգներից: Մի վախեցեք սեղմել դրանք և ստանալ հավելյալ գիտելիք:

Հարցերի որոշ պատասխաններ կհայտնվեն տեսանյութի տեսքով: Սեղմեք, դիտեք և լսեք, թե անվտանգության ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները:

Յուրաքանչյուր Աշխարհի հարցերի քանակը կարող եք տեսնել էկրանի վերին աջ անկյունում: Այդտեղ է նշված նաև Ձեր ճիշտ պատասխանած հարցերի քանակը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց կստանաք 10 միավոր: Արդյունքը կհայտնվի Ձեր էկրանին:

Մի անհանգստացեք, եթե հարցը լավ չեք հասկացել կամ ճիշտ չեք պատասխանել, նույն Աշխարհը կարող եք նորից խաղալ այնքան, որքան ցանկանաք: Կարող եք նաև կիսատ թողնել հարցը Աշխարհներից մեկում և անցնել այլ Աշխարհ, այնուհետև վերադառնալ: Ցանկացած Աշխարհում գրանցած Ձեր հաջողությունները կպահպանվեն:

Առավելագույն թվով հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում կարող եք ստանալ նաև «Ցանցառ»-ի վկայական, որը կհաստատի Ձեր հաջողությունն ու գիտելիքները: Վկայական ստանալու համար անհրաժեշտ է սկզբում գրանցվել համակարգում և այնուհետև սկսել խաղը:

Միշտ կարող եք խաղալ նաև առանց գրանցման, եթե չեք ցանկանում վկայական ստանալ:

Աշխարհներում գրանցած հաղթանակի մասին կարող եք հայտնել նաև սոցիալական մեդիայում:

Խաղը ուղեկցվում է երաժշտությամբ: Եթե չեք ցանկանում լսել երաժշտությունը, կարող եք անջատել այն` սեղմելով ձայնի կոճակը:

Խաղացեք և հաղթեք: